Իտալիան կարանտին է սահմանել Մեծ Բրիտանիայից ժամանող ճանապարհորդների համար՝ կորոնավիրուսի դելտա շտամի պատճառով
Իտալիան պարտադիր թեստավորում եւ հնգօրյա կարանտին է սահմանել Մեծ Բրիտանիայից ժամանող ճանապարհորդողների համար՝ կապված կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի տարածման հետ, ասել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հաղորդել է Reuters-ը:
Միեւնույն ժամանակ, Իտալիան վերացնելու է սահմանափակումները Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ճապոնիայից եւ ԵՄ այլ երկրներից ժամանող ճանապարհորդների համար՝ պայմանով, որ նրանք ունենան «կանաչ անցաթուղթ», որը կհաստատի, որ պատվաստված են կամ ունեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, գրել է նախարարը Facebook-ում:
Նա հավելել է, որ արգելքը կշարունակի գործել Հնդկաստանից, Բանգլադեշից եւ Շրի Լանկայից ժամանողների համար:
Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն արդեն երկուշաբթի, հայտնել է նախարարը:
Իտալիան հետեւում է Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Գերմանիայի օրինակին, որոնք արդեն տարբեր սահմանափակումներ են մտցրել Մեծ Բրիտանիայից ժամանողների համար:
Ուրբաթ Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ Հնդկաստանում հայտնաբերված՝ կորոնավիրուսի դելտա շտամով վարակի շաբաթական գրանցվող դեպքերի թիվը աճել է 79 տոկոսով: Ներկայումս Անգլիայի հանրային առողջապահության համակարգի համաձայն՝ այս շտամով վարակի դեպքերի թիվը 91 տոկոս է կազմում:
Կարծիքներ