ՀՀ դեսպանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգող Յաննիս Պապագեորգիուին։
Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ այս տարվա փետրվարին Հունաստան կատարած աշխատանքային այցին, և երկու ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների ներկա փուլը։
Յաննիս Պապագեորգիուն, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները Հունաստանի համար ունեն առանձնահատուկ կարևորություն և նշել է Սալոնիկում հայ համայնքի դարավոր ներկայությունը և կարևոր դերակատարությունը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող մի շարք նախաձեռնություններ։
Կարծիքներ