Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտի մասին

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտի մասին

Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ-ում ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ, Twitter-ի էջում գրել է Վրասատանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում։ Ես շնորհավորում եմ մեր բարեկամներ Հայաստանին և Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում բոլոր միջնորդներին: Իմ ցավակցությունները զոհվածների ընտանիքներին։ Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն։ Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր ժամանակաշրջան»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում