Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելուց և լքեց դատարանի դահլիճը
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և դարձյալ լքեց դատական նիստերի դահլիճը. փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի»,- հայտարարեց Ալեքսանյանը և դարձյալ լքեց նիստերի դահլիճը։
Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպանի, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։
Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մի օրինաչափություն է նկատել պաշտպանական կողմի վարքագծում․ ամեն անգամ, երբ դատարանն առաջարկում է մեղադրող կողմին հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանները որոշում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։
Կարծիքներ