Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ

Իտալիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Տրեվինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետի հետ

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը այցելել է Տրեվինյանո Ռոմանո քաղաք, որտեղ  հանդիպել է  քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկիի և քաղաքային իշխանությունների հետ:

Այս մասին հայտնել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում  քննարկվել են Տրևինյանո Ռոմանոյի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները։

Քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկին ողջույնի խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է ընդունել Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանին:

«Ուրախ եմ այսօր այստեղ ընդունել ՀՀ դեսպանին: Մեր փոքրիկ քաղաքում, որի սիրտը ձգված է դեպի Հայաստան՝ Հայաստանից եկած երկու հայրենակիցների՝ Էդուարդո և Մարիո Պարադիսի Ամիրխանյանների շնորհիվ, այսօր՝ ի դեմս տիկին Էլզա Պարադիսի Ամիրխանյանի, ով ներկայացնում է Հռոմի և Հայ համայնքների ասոցիացիան։

Երկու անհատներ, ովքեր իրենց ողջ կյանքն աշխատեցին ի շահ օգնության ու կարիք ունեցողների՝ երբեք չխղճալով իրենց։ Հենց նրանք էլ իրենց գործունեության շնորհիվ  Հայաստանին դարձրին հայտնի ու սիրված այստեղ՝ Տրեվինյանո Ռոմանո քաղաքում»,- ասել է քաղաքապետը։

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին և Տրեվինյանոյի բոլոր բնակիչներին ջերմ և բարեկամական ընդունելության համար: «Ճանապարհին տեսա շրջակա միջավայրը, բնությունը և առանձնահատուկ նմանություն գտա Հայաստանի և  Տրեվինյանոյի միջև, որը նույնպես անմիջական ելք չունի դեպի ծով, բայց ունի գեղեցիկ լիճ, ինչպիսին մեր Սևանա լիճն է:

Կարծում եմ, որ պատմությունը առատաձեռն է եղել մեզ հետ՝ հիմք ստեղծելով մեծ համագործակցության համար, մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակութային տեսանկյունից, և ստեղծելով ամուր պայմաններ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է դեսպանը։

Դեսպանը նաև  ներկաներին ծանոթացրել է  տարածաշրջանում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնեց Տրեվինյանո Ռոմանո քաղաքին աջակցության համար։

 

Հանդիպման ավարտին քաղաքապետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է  քաղաքային թանգարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում