Իսպանիան արգելափակել է ԵՄ-ի մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ-ի գործողությանը. ԶԼՄ-ներ

Իսպանիան արգելափակել է ԵՄ-ի մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ-ի գործողությանը. ԶԼՄ-ներ

Իսպանիան վետո է դրել Եվրամիության մասնակցությանը Կարմիր ծովում նավարկության ազատության և նավերի անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի գործողությանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։

Հաղորդվում է, որ ըստ El Confidencial թերթի տեղեկատվության՝ սկզբում Մադրիդը ձգտել է հասնել ամբողջ համայնքի ներգրավմանն այդ առաքելությանը։ Այսպես, դեկտեմբերի 20-ին կայացած արտակարգ նիստի ընթացքում ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցությանը՝ Atalanta գործողության ընդլայնման միջոցով։

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի վարկածի, դեկտեմբերի 21-ին Մադրիդը փոխել է իր դիրքորոշումը և վետո է դրել որոշման ընդունման վրա միջազգային հարաբերությունների հարցերով ԵՄ խորհրդականների աշխատանքային խմբի նիստի շրջանակներում։ Ինչպես թերթին հայտնել են Եվրոպայի դիվանագիտական ​​աղբյուրները, Իսպանիայի կառավարությունն իր «դիրքորոշման փոփոխությունը չի պարզաբանել գործընկերներին»։

Դեկտեմբերի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության անդամ երկրները որոշել են մասնակցել ԱՄՆ-ի «Բարգավաճման պահպանման գործողությանը»՝ Կարմիր ծովում ապահովելու նավարկության ազատությունը և նավերի պաշտպանությունը:

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի խռովարարները (հութիները) հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում չդադարեցվեն Իսրայելի ռազմական գործողությունները։ Ի պատասխան՝ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Կարմիր ծովում «Բարգավաճման պահպանման գործողությունը» սկսելու մասին՝ նավագնացության ազատությունն ու նավերի պաշտպանությունն ապահովելու համար: Գործողությանն, ըստ Պենտագոնի, մասնակցում է ևս ինը պետություն, այդ թվում՝ Իսպանիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում