Անահիտ Ավանեսյանը մասնակցել է վերազինված Stroke կենտրոնի բացմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերազինված Stroke կենտրոնի բացմանը, որը համալրվել է ARTIS Icono անգիոգրաֆիկ համակարգով, ինչը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնը, ինչպես նաև Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր բաժանմունքը, որը հագեցվել է SIEMENS VIDA 3T գերժամանակակից սարքով: Անգիոգրաֆիկ բազմաֆունկցիոնալ սարքի օգնությամբ հնարավոր կլինի կատարել սրտաբանական և նյարդաբանական միջամտություններ, ներանոթային բացառիկ վիրահատություններ: Սարքի կիրառումը հատկապես կարևոր է սուր իշեմիկ ինսուլտով հիվանդների բուժօգնության ժամանակ:
Կաթվածի կասկածով հիվանդներին այլևս համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու կարիք չի լինի, քանի որ անգիոգրաֆը միաժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություն ունի: Նախորդ սերնդի անգիոգրաֆների համեմատ` այն բազմաթիվ առավելություններ ունի, որոնք հեշտացնում և առավել արդյունավետ են դարձնում կատարվող հետազոտություններն ու միջամտությունները:
Առողջապահության նախարարի խոսքով` մասնավոր-պետություն գործակցությունը կարևոր է և գործում է միմիայն ի շահ պացիենտի:
Անահիտ Ավանեսյանը նշել է. «Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին բավական մեծ քայլերով առաջընթաց է ապրում: Իհարկե, դեռ շատ անելիք ունենք, և բժշկական կենտրոնների, մասնավոր նախաձեռնությունների, գիտական կենտրոնների ու պետության միջև նման համագործակցությունները նպաստում են այդ կարևոր ձեռքբերումները գրանցելու հարցում: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է` առողջ հանրություն ունենալը»:
Էրեբունի բժշկական կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանը ևս, գնահատելով մասնավոր-պետություն համագործակցությունը, նկատել է, որ բժշկական կենտրոնը հետամուտ է նախարարության բոլոր բարեփոխումներին:
«Մենք առողջապահության նախարարության կողքին ենք և պատրաստ ենք իրագործել բարեփոխումների այն բոլոր ծրագրերը, որոնք կներդրվեն առողջապահության համակարգում»,- նշել է Հարություն Քուշկյանը:
Այցի շրջանակներում Simens healtheneers ընկերության և Էրեբունի ու Նաիրի բժշկական կենտրոնների միջև հուշագիր է կնքվել, որի շնորհիվ` այսուհետ աշխարհի տարբեր երկրների բժիշկները մեր երկրում նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններ ձեռք կբերեն:
Կարծիքներ