Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է
Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով ( պաշտոնեական կեղծիքը):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը:
Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել Մեղրիի քաղաքապետի պաշտոնից: Իր հրաժարական նա բացատրել է աշխատանքը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում շարունակելու ցանկությամբ:
Կարծիքներ