Տրիպոլիի նավահանգստի մոտ խորտակվել է նավ, որում 60 մարդ է եղել
60 մարդ տեղափոխող նավը խորտակվել է Լիբանանի Տրիպոլի նավահանգստի մոտ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Կարմիր Խաչի Լիբանանի մասնաճյուղը։
«Նավը, որի վրա եղել է մոտ 60 մարդ, խորտակվել է: Լիբանանի Կարմիր Խաչը յոթ շտապօգնության մեքենա է ուղարկել Տրիպոլիի նավահանգիստ»,- Twitter-ում գրել է կազմակերպությունը՝ ավելի ուշ նշելով, որ ևս երեք մեքենա ուղղվել է դեպի նավահանգիստ։
Լիբանանի բանակն ու առափնյա պահպանության զորքերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները Տրիպոլիի ափերի մոտ։ «Հայտնաբերվել է մահացած երեխայի դի, իսկ մնացած մարդկանց որոնում են,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Լիբանանի Կարմիր խաչի ընկերության աշխատակիցներից մեկը։
Զինվորականներին օգնում են տեղացի ձկնորսներն ու նավակների տերերը։
Տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարար Ալի Համիայի խոսքով՝ ափ է դուրս բերվել 46 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում։ Նրա խոսքով՝ Տրիպոլիի նավահանգստում աշխատում են Լիբանանի Կարմիր խաչի ընկերության բրիգադներ։
«Այս ողբերգական դեպքից հետո կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է բոլոր կառույցների մոբիլիզացումը, որոնք ներգրավված են նման փրկարարական աշխատանքներում»,- գրել է նախարարը Twitter-ում։ «Ես մշտական կապի մեջ եմ բոլոր կողմերի հետ, մնացած անհայտ կորածների որոնումները շարունակվում են»։
Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ սիրիացի փախստականները փորձել են անօրինական ճանապարհով հասնել Կիպրոսի ափ։
Կարծիքներ