Երկրպագուական մշակույթն ու «նռնագույն Երևանը». Sector 18
Ֆուտբոլը շարունակում է զարգացում ապրել, իսկ երկրպագուական մշակույթը դրա անբաժանելի մասն է:
Հայաստանում ֆան մշակույթը՝ մարզադաշտեր այցելելը, տեղական ակումբներին աջակցելը կարելի է համարել մարդկանց համար խորթ երևույթ, ի տարբերություն եվրոպական գրեթե բոլոր պետությունների, որտեղ ֆան մշակույթը շարունակում է կատարելագործվել, իսկ որոշ երկրներում մարզադաշտեր այցելելը դարձել է նույնիսկ ընտանեկան ավանդույթ:
Սակայն կան մարդիկ, որոնք իրենց ծավալած գործունեությամբ փորձում են կոտրել այս կարծրատիպը:
Խոսքը «Փյունիկի» պաշտոնական ֆան ակումբի՝ «Sector 18»-ի տղաների մասին է, որոնց հետ էլ զրուցել ենք ֆան ակումբի ստեղծման, Հայաստանում ֆանատական մշակույթի զարգացման և «Փյունիկում» տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:
«Sector 18» ֆան ակումբը ստեղծվել է 2018 թվականին, իսկ առաջին միասնական աջակցությունը թիմին եղել է նույն թվականի սեպտեմբերի 1-ին, երբ «նռնագույնները» «Միկա» մարզադաշտում մրցում էին Վանաձորի «Լոռիի» դեմ:
Տղաները պատմում են՝ ֆան ակումբի ստեղծման պահից ի վեր լավ հարաբերություններ ունեն ակումբի ղեկավարության և նախագահ Արթուր Սողոմոնյանի հետ՝ միաժամանակ ակումբից որևէ կախում չունենալով:
«Ճիշտ է ակումբային ֆուտբոլում երկրպագման կուլտուրան սկսել է ձևավորվել վերջին մի քանի տարիների ընթացքում, սակայն կարծում եմ, որ ամենամեծ խնդիրն այն է, որ հայկական իրականությունում «ֆուտբոլասերները» ակտիվ չեն հետևում հայկական ֆուտբոլին, և մենք մեր գործունեությամբ (Երևան քաղաքի տարբեր հատվածներում «Փյունիկին» և երկրպագուներին նվիրված գրաֆիտիների միջոցով) փորձում ենք ցույց տալ, որ «Փյունիկը» բոլոր երևանցիների թիմն է»,- ասում է ֆան ակումբի անդամ Արեգ Հովսեփյանը:
Վերջին ամիսներին «Փյունիկում» տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ:
Հեռացել են ակումբի երկարամյա առաջատարներ Հովհաննես Հարությունյանը և Արտակ Դաշյանը, որոնք տեղափախվել են «Արարատ Արմենիա» և «Նոա»:
«Նրանց հետ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել և հասել շատ նվաճումների, ինչը մոռանալ չենք կարող, բայց, այնուամենայնիվ, այդ լուրերը ֆան ակումբի ներսում բացասական կերպով ընդունվեցին և ընդհանրապես մեր ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի տեղափոխությունը հակառակորդ թիմի ճամբար մեզ համար անընդունելի է»,- ասում են ֆան ակումբի տղաները:
«Իսկ ակումբի՝ տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքը, ընդհանուր առմամբ համարում ենք բացասական: Մեզ համար դրա հիմնական պատճառը կազմը համալրող ֆուտբոլիստների սակավությունն է, թեև նորեկներներն ունեն շատ բարձր մակարդակ: Իսկ այն փաստը, որ մեր թիմը չհամալրեցին հայ ֆուտբոլիստներ, մեզ համար ուղղակի ցավալի է, սակայն լիահույս ենք, որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը «Փյունիկը» կկարողանա շտկել իրավիճակը»:
Ի դեպ, Հայաստանի 16-ակի չեմպիոնը դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ երկխաղյա դիմակայություն կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ղազախստանում, մեկ շաբաթ անց էլ «Փյունիկը» մրցակցին կընդունի Հանրապետական ստադիոնում:
Գեւորգ Թովմասյան
Լուսանկարները՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կայքից և Sector 18-ի ֆեյսբուքյան էջից:
Կարծիքներ