ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և համացանցում հայտնվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և համացանցում հայտնվելու կապակցությամբ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի և դրանք  համացանցում հայտնվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչությանը։

Հաղորդվում է, որ բաց հարթակներում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը մանրամասն տվյալներ են պարունակում Կիևին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության, դրա ծավալի, մատակարարումներիի ընթացքի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության, միջազգային կարևոր այլ խնդիրների մասին, այդ թվում՝ այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության, ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության գործում նախատեսվող քայլերի ու ծրագրերի մասին։

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ինֆորմացիայի արտահոսքի գործն ուշադրության կենտրոնում են պահում ու մշտական կապի մեջ են Պենտագոնի հետ, բայց հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններից, այնինչ ամերիկյան պարբերականները հաղորդում են, որ փաստաթղթերը, որոնք հրապարակվել են սոցցանցերում, ռազմական օգնության մասին մանրամասն տվյալներից բացի, մասնագիտական գնահատականներ ու տվյալներ են պարունակում նաև  ուկրաինական բանակի, ինչպես նաև վերլուծություններ ու գնահատականներ Չինաստանում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում զարգացումների մասին։ Փետրվարի 23-ից մարտի 1-ը թվագրվող այս փաստաթղթերի մի մասը նախատեսված է եղել ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի, մի շարք այլ զինվորականների ու ռազմական փորձագետների համար։

Ինտերնետում հայտնված այս գաղտնի փաստաթղթերը, որոնք  նախատեսված չեն եղել հրապարակման համար, ըստ որոշ գնահատականների, կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք ի սկզբանե անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների համար են անհասանելի եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում