Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի և ինքնակամ շինությունների օրինականացման խնդիրները

Շիրակի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի և ինքնակամ շինությունների օրինականացման խնդիրները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներն ու համայնքների ղեկավարները։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, հանդիպման օրակարգային առաջին թեման վերաբերել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերին։

«Մեկնարկում է սուբվենցիոն հայտերրի ընդունման գործընթացը և այս տարի որոշակի փոփոխություններ կան ֆինանսավորման համամասնության, սահմանամերձ համայնքներում ծրագրերի իրականացման առումով։ Կարծում եմ՝ համատեղ քննարկումների արդյունքում կկարողանանք անել առավելագույնը այս աշխատանքային տարում համայնքներում տարատեսակ խնդիրների լուծման համար։ Համագործակցությամբ ու առաջնայնությունների մեջ առավելապես օբյեկտիվություն պահպանելով պետք է առաջ գնանք»,- նշել է Շիրակի մարզպետը։

Ըստ աղբյուրի՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին՝ նշելով, որ չնայած տարին սպասվածից ձյունառատ է եղել և օբյեկտիվորեն դժվարություններ է առաջացրել սպասարկող ընկերությունների աշխատանքում, սակայն քաղաքացիների դժգոհությունները ևս օբյեկտիվ են և պետք է ամեն ինչ անել այս աշխատանքներում չթերանալու համար։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել թափառող շների խնդրին, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում կատարված օրենսդրական փոփոխություններին։ Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին այս հարցերում լինել առավել հետևողական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում