Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. (լուսանկարներ)
Հ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020 թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները, շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ միջադեպից օրեր առաջ՝ 2020 թ. մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գավառի բնակիչ, դեպքի պահին դեռևս 18-ը չլրացած երիտասարդը մի խումբ անձանց հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ, ծեծի է ենթարկել Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ծեծի ենթարկողներից վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հայրը ազգականի, համագյուղացիների, կողմնակիցների և ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով, 2020 թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում հանդիպել է որդուն ծեծի ենթարկած երիտասարդի՝ հրազենով զինված հորեղբորը և նրանց մտերիմների հետ, որի ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Արդյունքում՝ երկու անձի պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս վեցին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 18-ամյա երիտասարդի հորեղբորը մեղադրանք է առաջադրվել սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իսկ նորատուսցի երիտասարդի հորը և ազգականին՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու համար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ