ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետի նախաձեռնած բարեփոխումները
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։ Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում», - ասել է Օ’Բրայենը։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի և Ադբերջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը։
«Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել», - ասել է Օ’Բրայենը։
Պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան Եվրոպական խաղաղության հիմնադրամի մեխանիզմներով Հայաստանին աջակցելու հարցում, պաշտոնյան նշել է, որ Հայաստանին աջակցության ցանկացած փաթեթ ողջունելի կլինի, սակայն այն, թե ինչպես ԵՄ-ն դա կանի, իրենց հայեցողության ներքո է։
«Բայց մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այնպես անենք, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգտվել բարեփոխումների քաղաքականությունից, որոնք նախաձեռնել է Փաշինյանի կառավարությունը», - հավելել է նա։
Կարծիքներ