Բալին սեպտեմբերից տուրիստների կընդունի
Բալին պլանավորում է սեպտեմբերի 11-ից ընդունել օտարերկարցիների, թեև վերջնական որոշումը պետք է կայացնի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան։
Կղզում արդեն շաբաթներ շարունակ խոսում են սեպտեմբերին միջազգային ժամանումների համար վերաբացվելուց, հատկապես որ հուլիսի 31-ից վերաբացվել է ներքին տուրիզմը։
Ավելի վաղ Ինդոնեզիայի ծովային գործերի և ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջայթանըը հայտնել էր, որ Ինդոնեզիան, հնարավոր է, մինչև տարեվերջ չբացվի տուրիստների համար։
Ըստ CNN-ի՝ անկախ վերաբացման ամսաթվից, Բալին դեռ լուրջ խոչընդոտներ ունի հաղթահարելու։
Աղբյուրը գրում է, որ քիչ ճանապարհորդներ են պատրաստ կարճ արձակուրդի համար երկշաբաթյա մեկուսացում անցնել։ Բացի այդ, ապահովագրական ընկերությունների մեծ մասը հրաժարվում է ճանապարհորդներին ապահովագրել իրենց կառավարությունների կողմից խորհուրդ չտված ուղղություններով։
Իսկ Բալիի այցելուների առյուծի բաժինը ավստրալիացիներն են, որոնք իրենց երկիրը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ կարող են լքել միայն հրատապ դեպքերում, ինչի մեջ զբոսաշրջությունը չի մտնում։
Օգոստոսի 19-ի դրությամբ Ինդոնեզիայում հայտնաբերվել է 144,945 կորոնավիրուսի դեպք, մահացել է 6346 մարդ, առողջացել՝ 98,657 մարդ։ Բալին ինդոնեզացիների համար բացվել է 2020-ի հուլիսի 31-ին։
Կարծիքներ