ԱՄՆ-ն հավելյալ 472 մլն դոլար է տրամադրել Նուբար Աֆեյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող Moderna ընկերությանը
ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 մլն դոլար է ստացել կորոնավիրուսյաին վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընկերությունից մանրամասնել են, որ հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պատվաստանյութի թեկնածու տարբերակի կլինիկական փորձարկումների վերջին փուլի անցկացման համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլին Moderna-ն ԱՄՆ իշխանություններից 483 մլն դոլար էր ստացել. այն ժամանակ պատվաստանյութը դեռևս փրոձարկման նախնական փուլում էր:
«Ոգևորվելով առաջին փուլի արդյունքներով՝ լիահույս ենք, որ մեր պատվաստանյութը կօգնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին ՝ կանխելով ապագա բռնկումները»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Բանսելը:
Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները Moderna-ի փորձնական պատվաստանյութի համար տրամադրել են 955 մլն դոլար ֆինանսավորում: Ընկերությունն ԱՄՆ-ում կլինի առաջինը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկի մարդկանց վրա:
Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կսկսվի հուլիսի 27-ին և կներառի մոտ 30 000 մասնակից:
Moderna-ն մտադիր է տարեկան 500 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրել՝ հասնելով տարեկան 1 մլրդ չափաբաժին ցուցանիշի:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից է:
Կարծիքներ