Բելառուսում հետախուզման մեջ գտնվող Տիխանովսկայան պատրաստվում է վերադառնալ Մինսկ
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և նրա քաղաքական խորհրդական Ֆրանակ Վյաչորկոն մեկնում են Մինսկ: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տելեգրամյան որոշ ալիքներում հայտնվել է ավիատոմսերի լուսանկարը՝ նրանց անուններով, գրում է EADaily լրատվականը:
Տոմսերը ձեռք են բերվել մայիսի 2-ին տեղի ունեցած Վիլնյուսից Մինսկ թռիչքի համար:
«Տոմսերը մերն են: Տիխանովսկայայի թիմը մեծ ծավալի աշխատանք է կատարում՝ իր առջև դրված նպատակներին հասնելու համար, և ոչ բոլոր գործողությունները կարող են լինել հրապարակային»,-իրավիճակը մեկնաբանել է Վյաչորկոն:
Տիխանովսկայայի շտաբից և նրա մամուլի ծառայությունից այլ մեկնաբանություններ չեն եղել:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:
Կարծիքներ