Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու
Ազգային ժողովում այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ է ընթանում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն առաջադրեց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն այդ նույն պաշտոնում։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին։
Հանձնաժողովի նիստին Արթուր Ղազինյանին ներկայացրեց դաշինքի մեկ այլ անդամ Արծվիկ Մինասյանը: Վերջինս նշեց, որ այս հանձնաժողովում պետք է շատ կարևորագույն հարցերի պատասխաններ տրվեն, և միջանձնային հարաբերությունները չեն կարող ստվերեն խնդիրների լուծման հրամայականը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասաց, որ մինչ այս հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կատարել է արժանապատվորեն և չի քաղաքականացրել երկրի առջև կանգնած մարտահրավերները։
Արթուր Ղազինյանն էլ իր խոսքում ընդգծեց՝ որոշել է գալ այս հանձնաժողով, քանի որ նոյեմբերի 9-ից սկսած՝ շփվելով քաղաքացիների հետ՝ հանձառություն է ստացել բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել մինչև սեպտեմբերի 27-ը և դրանից հետո։
Կարծիքներ