ՀՀ կտեղափոխվի մանկահասակ երեխայի դին, ծանր վիրավորում ստացած եղբայրն ու երեխաների մայրը. ԼՂ առողջապահության նախարար
Ամեն րոպե իրավիճակը փոխվում է, փոխվում են նաև ունեցած թվերը:
Իրավիճակն «Արցախպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մի քանի տասնյակի հասնող զոհված քաղաքացիական անձանց թվում մանկահասակ երեխա կա, որի եղբայրը ծանր վիրավորում ունի: Նախարարն ասաց՝ այս պահին աշխատանք է տարվում փոքրիկի դին, ծանր վիճակում գտնվող երեխային ու մորը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ:
Ըստ նախարարի, խնդիր է առաջացել Մարտակերտից ծանր վիրավորում ունեցողների և զոհերի դիերը տեղափոխելու հետ կապված:
«Ռուս խաղաղապահները փոխեցին իրենց պլանները և չունենք ուղեկցող: Կարծում եմ, վաղը ԿԽՄԿ միջոցով կկարողանանք տեղափոխել»,- ասաց նախարարը:
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել ԼՂ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ:
Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները ՀՀ-ից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ ուշացման պատճառով կյանքեր չեն փրկվում»,- ասաց նախարարը:
Կարծիքներ