Հակոբ Արշակյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի հետ:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ամուր եւ դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ջերմ կապերի վրա:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը:
Երկուստեք կարեւորվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը շեշտել է պատգամավորական բարեկամական խմբերի դերակատարումը՝ որպես փոխըմբռնման ու փոխվստահության յուրօրինակ կամուրջ, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ավելի սերտ երկխոսության կայացման համար: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:
Երկկողմ քաղաքական երկխոսության խորացման ու համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ փոխայցերը, որոնք խթանում են միջեւ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը եւ նպաստավոր հիմք ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար:
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, նորարարության բնագավառները:
Հակոբ Արշակյանի կարծիքով երկու երկրների միջեւ շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում իր կարեւոր դերակատարումը կունենա նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը, որի վավերացման մասին օրինագիծն ընդունվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում եւ արդեն ստորագրել է ՀՀ նախագահը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը եւ Ծովինար Վարդանյանը:
Կարծիքներ