Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում HDP-ի դեմ բացված դատական գործի առթիվ

Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում HDP-ի դեմ բացված դատական գործի առթիվ

Գերմանիայի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման պահանջով հարուցված դատական գործի առթիվ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Գերմանիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ ԺԴԿ-ի դեմ բացված դատական գործը համաչափության առումով լուրջ կասկածներ է հարուցում։ Հայտարարության մեջ նաև մտահոգություն կա ԺԴԿ-ական պատգամավորների դեմ վարվող քաղաքականության կապակցությամբ։ Նշվում է, որ այդ կերպ վտանգվում է օրենքի գերակայությունը։

Գերմանիայի ԱԳՆ-ն նաև դատապարտել է ԺԴԿ-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի՝ պատգամավորական մանդատից զրկումը և ԺԴԿ-ի մի շարք անդամների և պատգամավորների դեմ քրեական վարույթների հարուցումը։ Ընդգծվել է, որ այդ քայլերը Թուրքիայում իրավական պետության սկզբունքների վերաբերյալ առանց այդ էլ առկա հարցականների կողքին նորերն են ավելացնում։

Հայտարարության մեջ կոչ է արվում հստակ տարանջատում մտցնել ԺԴԿ կուսակցության և ԵՄ ահաբեկչական խմբավորումների ցանկում տեղ գտած «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) միջև։ Շեշտվում է նաև, որ որևէ քաղաքական կուսակցության գործունեության դադարեցումը ժողովրդավարական երկրում պետք է ամենավերջին քայլը լինի։

«Դաշնային կառավարությունը ակնկալում է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամության թեկնածու երկիր, կկատարի իր ստանձնած պարտավորությունը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համապատասխանելու առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ կհետևի խնդրի հետագա զարգացումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում