Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է միկրոՌՆԹ-ների հայտնաբերման համար
Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան հանձնաժողովը։
Գիտնականները մրցանակի դափնեկիրներ են դարձել «միկրոՌՆԹ-ի և գենի հետտրանսկրիպցիոն կարգավորման գործում դրա դերի հայտնաբերման» համար, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միկրոՌՆԹ-ները հիմնարար դեր են խաղում օրգանիզմների զարգացման և գործունեության համար։ Այնպես որ նրանց հայտնագործությունը, որը հրապարակվել է 1993 թվականին, բացահայտել է գեների կարգավորման միանգամայն նոր սկզբունք, ինչը «կարևոր նշանակություն ունի բազմաբջիջ օրգանիզմների, ներառյալ մարդու համար»։
Ամբրոսը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, 1979 թվականին ստացել է դոկտորի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Բազմաթիվ գիտական մրցանակների դափնեկիր է։ Նա հայտնի է նրանով, որ առաջինն է հայտնաբերել միկրոՌՆԹ-ները։ Ռուվկունը ծնվել է 1952 թվականի մարտի 26-ին, Ամբրոսի հետ համատեղ աշխատել է միկրոՌՆԹ-ների ուսումնասիրության բնագավառում, ԱՄՆ-ի Արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ է:
Գիտնականները ստացել են մրցանակ 2015 թվականին բժշկագիտության բնագավառում բեկումնային առաջընթացի համար, որը 2013 թվականին սահմանվել է ինտերնետ-ձեռներեցներ Յուրի Միլների (Mail.ru Group), Մարկ Ցուկերբերգի (Meta), Սերգեյ Բրինի (Google) և նրա նախկին կնոջ՝ Էնն Վոջիցկիի (23andMe) կողմից:
Կարծիքներ