ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը ներկա են եղել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղխորհրդի անդամ Վաչե Գրիգորյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությանը, ինչպես նաև հումանիտար միջանցքի անխափան գործունեության վերականգնմանը:
Նախագահ Խաչատուրյանը կարևոր է համարել ներկայիս ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում հայաստանյան քաղաքական միավորների աշխատանքը և հայկական օրակարգային խնդիրների բարձրաձայնումը:
Կարծիքներ