Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության պատմական հնարավորությունից. ԵԽ պատգամավորներ

Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության պատմական հնարավորությունից. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամություն դրսևորելու մասին հայտարարություն տարածելու համար։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական առիթից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեղինակները խրախուսում են նաև հետագա առաջընթացը սահմանների սահմանազատման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը երկրների ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և իրավահավասարության հիման վրա:

«Նույն ոգով մենք նաև վստահ ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի հնարավորությունից՝ աջակցելու տարածաշրջանում առկա դրական զարգացումներին և կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը` ի շահ սեփական քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- ասվում է ԵԽ պատգամավորների հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում