Ոստիկանությունը պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. ՄԻՊ
Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը եւ դա անի էթիկայի եւ բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով եւ օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը Կառավարության կազմում քաղաքական, սակայն, միեւնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարություն, նախարար ունենալը մի կողմից պաշտպանում է ոստիկանությանը քաղաքական ճնշումներից եւ կրում է քաղաքական պատասխանատվություն, իսկ մյուս կողմից վերահսկում եւ քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության աշխատանքի ընդհանուր որակի, թափանցիկության, հաշվետվողականության, ծառայության զարգացման, ազգային անվտանգության համար:
Ողջունելով խորհրդարանական լսումների կազմակերպումը՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մասշտաբային նման փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման նման հարթակի տրամադրումը գործընթացին ներառականություն եւ լեգիտիմություն է հաղորդում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնի կառավարման ձեւը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ լուծման անհրաժեշտությունը պայմանավորող բուն կարիքը: «Ներքին անվտանգության հարցերը որեւէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած ու դեռեւս հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրն ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ Ներքին գործերի նախարարության ձեւավորման համար»,- ասել է պաշտպանը:
Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունը՝ որպես մասնագիտական ծառայություն, պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ: Քաղաքական թիրախավորումից պաշտպանության վահանը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, նախարարությունն է: Նա ՆԳՆ ձեւավորումը ներկայացրել է որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման, ոստիկանական գործունեության արդիականացման եւ ծառայության արդյունավետության ապահովման կառույց: Պաշտպանը կարեւորել է Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում Միգրացիոն եւ քաղաքացիության ծառայության ստեղծումը, որը կմիավորի Անձնագրերի եւ վիզաների վարչությունը, նաեւ Միգրացիոն ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ՆԳՆ-ի առաջարկվող մոդելին, հիմնարար սկզբունքներին, կառույցի ֆունկցիոնալ-կառուցվածքային եւ վերահսկողության հարցերին: «ՆԳՆ-ի ստեղծումը, բնականաբար, բերելու է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ներդրմանը: Ոստիկանական ոլորտի բարեփոխումների գերնպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, տեխնիկապես հագեցած, արհեստավարժ, բարեվարք, նոր ոստիկանի կերպարի ձեւավորումն է, ՀՀ-ում նոր ոստիկանության ստեղծումը»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:
Կարծիքներ