Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի հարձակման դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, շեղվելով ԱՄՆ արտաքին քաղաքականության երկարատև դիրքորոշումից, կպաշտպանի Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հավելելով, որ Սպիտակ տան խոսնակն ավելի ուշ մեկնաբանել է նախագահի խոսքն ու հայտնել, որ վերջինս քաղաքականության փոփոխություն նկատի չի ունեցել: Պարզապես ԱՄՆ-ն երկրում գործող օրենքներից մեկով պարտավորվում է օգնել Թայվանին պաշտպանվելու հարցում:
Նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն նայում Չինաստանի գերձայնային հրթիռի փորձարկումներին, ռազմական զարգացումներին, և արդյոք կարող է նախագահը «պաշտպանել Թայվանը»:
«Այո՛ և ևս մեկ անգամ այո՛», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «Չինաստանը, Ռուսաստանը և ողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ն ամենահզոր ռազմական տերությունն է պատմության մեջ»:
Կարծիքներ