Գնահատումից հետո ամեն ինչ կանենք, որ շուտափույթ վերականգնենք սահմանամերձ գյուղերի կրած վնասները. Մարզպետ

Գնահատումից հետո ամեն ինչ կանենք, որ շուտափույթ վերականգնենք սահմանամերձ գյուղերի կրած վնասները. Մարզպետ

Հուլիսի 12-ից սկսած անդորրը խաթարվեց եւ ըստ էության, մենք նորից վերադարձանք տարիներ առաջվա ռեժիմին, դա քաղաքացիական պատպանության բոլոր համակարգերի աշխատանքի ապահովումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ այս օրերին քաղաքացիականպաշտպանության համակարգերն աշխատել են այդ ուղղությամբ, որպեսզի ոչ մի բնակչի որեւէ վնաս չլինի:

«Ցավոք սրտի, ունեցել ենք տների, ենթակառուցվածքների ավերածություններ, սակայն բարեբախտաբար մարդկային վնասներ չեն եղել: Այսինքն չենք ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ: Շատ ուրախ ենք դրա համար, բայց ուզում եմ ասել, որ այդ իրավիճակը պայմանավորված է եղել նախ սահմանում ՀՀ զունված ուժերի պրոֆեսիոնալ  վարքագծով, որը հնարավորություն է տվել, որպեսզի բնակիչները, քաղպաշտպանության ներկայացուցիչները ներգրավված լինեն հանգիստ պաշտպանական խնդիրներով: Նույնիսկ այս օրերին մարդկանց կենսագործունեությունը չի դադարել: Որեւէ խուճապ չի եղել, եղել է որոշակի լարվածություն,  եւ եղել է բարձր զգոնություն բոլորի կողմից»,-ասաց մարզպետը:

Նա հույս հայտնեց, որ այսօրվա խաղաղությունը հաստատուն կլինի:

«Այս պահին իրականացվում են ավերածությունների գնահատման աշխատանքներ բոլոր սահմանապահ գյուղերում: Տավուշի մարզում դրանք 24-ն են: Այս դեպքում գործ ունենք հատկապես Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի հետ: Գիտեք, որ երկար տարիների դադարից հետո հրթիռակոծվել է նաեւ Բերդ քաղաքը: Եղել են վնասներ նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների մասով: Գնահատումից հետո մենք ամեն ինչ կանենք, որ շուտափույթ վերականգնենք վնասները»,-ասաց Չոբանյանը:

Մարզպետը նկատեց, որ մարդկանց ինքնակազմակերպման աստիճանը եղել է չափազանց բարձր մակարդակի. «Չի եղել տարհանում, եղել է պատսպարման գործողություն: Գյուղացիները գիտեն դրա մասին: Ես բնակչության բարոյահոգեբանական վիճակը կարող եմ համարել շատ բարձր, շատ մարտական: Բնականաբար, առանց խուճապի, շատ զգոն: Շատ շնորհակալ եմ սահմանապահ գյուղերի բնակիչներին այդ զգոնության համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում