Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հարավային Կովկասում անվտանգության ուղղությամբ քայլերի իրականացումը

Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հարավային Կովկասում անվտանգության ուղղությամբ քայլերի իրականացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել են Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում