Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Վարնայի World Challenge Cup մրցաշարի հաղթող
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ:
Օղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը 6-րդ տեղն է զբաղեցրել՝ եզրափակչում վաստակելով 13,766 միավոր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակչում 14,266 միավոր է հավաքել և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը դուրս էր եկել հենացատկի եզրափակիչ, որտեղ, սակայն, ցույց է տվել 8-րդ արդյունքը՝ 12,966 միավորով:
Կարծիքներ