Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում հրաժարականի պատճառների վերաբերյալ Արմեն Սարգսյանի փաստարկները

Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում հրաժարականի պատճառների վերաբերյալ Արմեն Սարգսյանի փաստարկները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համար տարօրինակ են նախագահ Արմեն Սարգսյանի բերած փաստարկներն իր հրաժարականի պատճառների վերաբերյալ։

 Թորոսյանը նշեց, որ Հանրապետության նախագահը 2015 թվականին փոփոխված սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է, և դա հայտնի էր թե նախագահ ընտրվելուց, թե նաև վերջին չորս տարիներին։

«Եվ շատ տարօրինակ է, որ դա մեջբերվում է որպես ոչ արդյունավետության կամ ինչ-որ փոփոխություն անելու խոչընդոտ։ Գիտեք, որ խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում Հանրապետության նախագահները արարողակարգային կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու գործառույթներ ունեն՝ ոչ ավելին։ Նույնիսկ Կառավարության անդամների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները կրկին արարողակարգային են։ Նախագահը չի որոշում ով լինի նախարար, փոխվարչապետ, նույնիսկ՝ վարչապետ։ Նույնը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը:  Սահմանադրությամբ և օրենքներով դա վերապահված է Կառավարությանը և Կառավարության ղեկավարին, որն այդ գործառույթը իրականացվում է լիազոր մարմնի՝ Արտաքին գործերի նախարարության և դեսպանատների միջոցով»,- ասաց Թորոսյանը։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ հարգում է Արմեն Սարգսյանի որոշումը։

«Ես առիթ եմ ունեցել նրա հետ աշխատել որպես նախարար և վարչապետի աշխատակազմի ղեկավար.  բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ։ Կարող եմ կիսել կամ չկիսել նրա տեսակետները, այնուամենայնիվ, որոշումը իրենն է»,-եզրափակեց Թորոսյանը։