Կորեայի իշխանությունները հեշտացնելու են Հռոմի պապի Փհենյան ուղեւորության կազմակերպումը

Կորեայի իշխանությունները հեշտացնելու են Հռոմի պապի Փհենյան ուղեւորության կազմակերպումը

Կորեայի Հանրապետության կառավարությունը կաշխատի բարենպաստ պայմաններ ստեղծել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ԿԺԴՀ մեկնելու համար։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին KBS ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարար Լի Ին Յանգը։

«Մենք կտրամադրենք անհրաժեշտ աջակցությունը, սակայն նման ուղևորության հավանականությունը կմեծանա, եթե Փհենյանում համապատասխան որոշում կայացվի»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝  այցը զգալի ներդրում կունենա Կորեական թերակղզում խաղաղության հաստատման գործում։

Անցյալ շաբաթ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին մասնավոր լսարանի ժամանակ։ Զրույցի ընթացքում հատկապես ընդգծվել է կորեացիների միջեւ երկխոսությանն ու հաշտեցմանը նպաստելու անհրաժեշտությունը։

«Այս համատեքստում կողմերը կիսում են ընդհանուր ջանքերն ու ձգտումները Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու համար՝ համերաշխության և եղբայրության ոգով», - ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարությունում հանդիպումից հետո։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում