Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քանի պաշտոնյա է լքել քաղաքապետարանը, ովքեր են նրանք
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալուց հետո, որին անվստահություն հայտնեցին, քաղաքապետարանում մեկ տասնյակից ավելի անձինք են լքել իրենց առանցքային և ոչ առանցքային պաշտոնները:
Մասնավորապես՝ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա եղել է Հայկ Մարությանի տան «պրարաբը», որը շինաշխատանքներ է կատարել։ Այժմ Գրիգոր Հարությունյանին ժամանակավոր փոխարինում է Արսեն Սաֆարյանը (ԺՊ):
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը լքած Էդգար Գալստյանին էլ փոխարինում է Հայկ Սարգսյանը (ԺՊ): Նշենք, որ պաշտոններից ազատվել են նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Լուսինե Զաքարյանը, աշխատակազմի գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը, կրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը: Վերջիններս բոլորը նշանակվել էին Հայկ Մարությանի օրոք:
Աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել նաեւ նախկին քաղաքապետի օգնականներ Վերջինյա Սահակյանն ու Կարեն Հարությունյանը, ինչպես նաեւ քաղաքապետի խորհրդականներ Արթուր Սարգսյանը, Դավիթ Ճգնավորյանն ու Հայկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ Ճգնավորյանը նշանակվել էր Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ազատումից հետո եւ համակարգում էր Երեւանի ճարտարապետության բլոգը:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրը հենց ազատման դիմում գրեց նաև նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որը իր աշխատելու ժամանակահատվածում բազմիցս աչքի ընկավ լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքով: Վերջերս ազատման դիմում գրեց նաև Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Վերջինիս ժամանակավոր փոխարինում է Տարոն Գեւորգյանը:
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո պաշտոնները թողեցին նաեւ նրա երեք տեղակալները՝ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը, Սերգեյ Ներսիսյանն ու Սերգեյ Հարությունյանը: Վերջին երկուսը, ի դեպ, Մարությանի մտերիմ ընկերներն են: Երեք տեղակալներն էլ արդեն ունեն փոխարինողներ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին փետրվարի 8-ի նիստում հավանություն էր տվել քաղաքապետի երեք նոր տեղակալների նշանակմանը: Երեւանի քաղաքապետի տեղակալներ են նշանակվել ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Սիմոնյանը։
Նշենք, որ կասեցվել է նաեւ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի լիազորությունները: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ստուգումներ է իրականացրել: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալը՝ Կարեն Թորոսյանը, ձերբակալել էին: Նրանք մեղադրվում են ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս Երեւան համայնքին պատճառելու համար: Ի դեպ, Արմեն Գրիգորյանը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մերձավորներից է:
Քաղաքապետի հեռանալուց հետո 12 վարչական շրջաններից միայն մեկի ղեկավարն է պաշտոնը թողել: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանին ժամանակավոր փոխարինում է Դավիթ Թումանյանը:
Կարծիքներ