Ես մնում եմ ձեր նախագահը. Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։
«Ես մնում եմ ձեր նախագահը, չկա լեգիտիմ խորհրդարան, հետևաբար, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարողանա ընտրել նոր նախագահ, և իմ մանդատը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա լեգիտիմ խորհրդարան ասել է նա հեռուստաուղերձում։
Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների նշանակումը դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Ավելի ուշ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու առաջադրեց պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիին։
Վրաստանի նախագահն առաջին անգամ չի ընտրվի համընդհանուր և համաժողովրդական քվեարկությամբ։ Պետության ղեկավարին ընտրելու է 300 ընտրողներից բաղկացած հանձնաժողովը։ Դրանում կընդգրկվեն Վրաստանի խորհրդարանի բոլոր 150 պատգամավորները, Աջարիայի և Աբխազիայի Գերագույն խորհուրդների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղական իշխանությունների պատգամավորներ։ Նախագահի սեփական թեկնածու առաջադրելու իրավունք ունի առնվազն 30 հոգուց բաղկացած ընտրողների խումբը։ Ընդդիմությունը դեռ չի հայտարարել՝ արդյոք կառաջադրի՞ իր թեկնածուին։ Ընտրությունները Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանի շենքում։
Գործող նախագահ Զուրաբիշվիլին ընտրվել է 2018 թվականին վեց տարի ժամկետով՝ քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Նախագահն այսուհետ կընտրվի հինգ տարի ժամկետով։
Կարծիքներ