Չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք․ ավագանու անդամը՝ քաղաքապետարանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի Ֆուչիկի փողոցում ապամոնտաժվել է ապօրինի շինություն: Նախորդ երեկոյան եւս ապօրինի կրպակներ ապամոնտաժելու մասին էր հայտարարվել ու տեսանյութ հրապարակվել:
Երեւանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ ամենն արվել է ոչ թե քաղաքապետարանի ջանքերով, այլ արդյունքն է Աջափնյակ վարչական շրջանի բարեխիղճ բնակիչների հետևողականության։
«Հորդորում եմ քաղաքապետարանին, որ այսուհետ լինի իրապես հետևողական, որպեսզի համայնքային հողը չբռնազվթվի ինքնակամ շինության անվան տակ ոչ մի քաղաքացու կողմից, իսկ արդեն իսկ բռնազավթված տարածքները պետք է շատ արագ ապամոնտաժվեն... Նաև հորդորում եմ, որ նմանատիպ գործերը ծածկելու համար ոչ մի պատճառաբանություն չբերեն՝ թե բա բանդաները չէին թողնում և ոստիկանները վախեցան....
Այսօր ինքս ականատես եղա ոստիկանների հետևողական աշխատանքին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հավուր պատշաճի հասարակական կարգը պահպանելու համար:
Սիրելի քաղաքապետարան, խնդրանքս է, որ մի քանի օրվա ընթացքում վերակգնեք վնասված գազոնապատ տարածքները և չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք. այս ամենը արդյունքն է բարեխիղճ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետևողականության»,- գրել է ավագանու անդամը:
Երեւանի քաղաքապետը ավագանու երեկվա նիստում սենսացիոն հայտարություն էր արել՝ ասելով, թե Աջափնյակ վարչական շրջանում գործում է «բանդա», որոնց բախվում են քաղաքապետարանի աշխատակիցները՝ ապօրինի շինարարության դեմ պայքարում:
Կարծիքներ