Ապրիլին փակվել էր 71 հազար 471 աշխատատեղ, մայիսին վերաբացվել է 50 հազար 094-ը. Նիկոլ Փաշինյան(տեսանյութ)
Ապրիլին, երբ կորոնավիրուսի հետեւանքով մեր երկրում հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, 71.471 աշխատատեղ փակվել էր: Հետագայում, սակայն, երբ այս ցուցանիշները հաշվի առնելով թուլացվել են սահմանափակումները՝ աշխատատեղերը սկսել են վերականգնվել: Արդեն մայիսի տվյալներով՝ վերաբացվել է 50.094 աշխատատեղ:
Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով այսօր հաղորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լոկդաունից հրաժարվելու որոշում է կայացվել, որովհետեւ պարզ է դարձել՝ միայն առողջապահական սեգմենտի վրա կենտրոնանալով՝ կունենայինք ոչ թե տնտեսության անկում, այլ, ինչպես նշեց վարչապետը, փլուզում:
«Վերականգնման պրոցեսը շարունակվում է, եւ դա վերջին շրջանի ամենակարեւոր լուրն է: Իհարկե, սա չի նշանակում, թե տնտեսական բարդությունը հաղթահարել ենք, սա նշանակում է, որ վերականագնման պրոցես ենք սկսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ վիճակագրությունը չի կարող կասկածելի լինել մի պարզ պատճառով. դրանք ձեւավորել են գործատուներն ու բիզնեսը, որոնք, ըստ այդ ներկայացված ցուցանիշների էլ, նաեւ հարկեր են մուծում:
Վարչապետը նկատեց, որ այս տեմպը պարտավոր ենք պահել եւ անել առավելագույնը՝ լոկդաունի ռեժիմին վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար:
Սրա համար, ըստ նրա, հարկավոր է պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն:
«Առեւտրի շրջանառության ծավալները նույնպես վերականգնվում են, եւ մենք պարտավոր ենք այս տեմպը պահել:
Վերադարձնել կորցրածը, նոր տրամաբանություն զարգացնել»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:
Կարծիքներ