Հրայր Թովմասյանը ոչ թե ամոթի, այլ ափսոսանքի զգացում պետք է ունենա, որ այլևս չի կարող իր տերերի կամքը կատարել. Բաբաջանյան
Հրայր Թովմասյանը ոչ թե ամոթի, այլ ափսոսանքի զգացում պետք է ունենա, որ այլևս չի կարող իր տերերի կամքը կատարել: Այս մասին ֆյսբուքյան գառում է արել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը.
«Սահմանադրական դատարանի հեռացող նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարել է, թե ամոթի զգացում է ապրել Ազգային Ժողովի երեկվա քննարկումների ու ընդունած որոշումների համար»,- գրել է Բաբաջանյանը։
Իրականում, ըստ Բաբաջանյանի, Հրայր Թովմասյանն անկեղծ չէ, քանի որ անկեղծ լինելու դեպքում պետք է ասեր, որ ապրել է ոչ թե ամոթի, այլ ափսոսանքի զգացում, քանի որ ԱԺ-ում տեղի ունեցածի արդյունքում զրկվելու է այն պաշտոնից, որն այդքան կարևոր է իր և իր քաղաքական հովանավորների համար։
«Ինչ վերաբերում է ամոթին, ապա այդ զգացումը չի կարող ունենալ Հայաստանում ավելի քան քսան տարի ընտրություններն ու դրանց արդյունքները զանգվածաբար բռնաբարած, դրանք օրինականացրած դատարանի ներկայացուցիչն ու առավել ևս նախագահը։
Ամոթի զգացում չի կարող ունենալ մեկը, որը ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահի, այլև դրանից ավելի վաղ՝ արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորի, ապա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոններում անդառնալի վնասներ է հասցրել Հայաստանի արդարադատությանն ու իրավական համակարգին ընդհանրապես։ Այդ վնասները նա շարունակել է հասցնել նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ այդ կառույցը վերածելով, ինչպես ինքն է խոստովանել, խրամատի, որը ստեղծվել է ժողովրդի և պետության դեմ պատերազմի համար»,- նշել է պատգամավորը։
Բաբաջանյանը նաեւ պնդել է, որ Հրայր Թովմասյանն այսպես, թե այնպես հեռանալու է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն այդ կառույցին ու դրա հեղինակությանը հասցրած վնասները մնալու են դեռ շատ երկար ժամանակ, այդ վնասների չեզոքացմանն ու հաղթահարմանն այսուհետ պետք է ուղղված լինի բոլորիս հավաքական ջանքը։
«Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմում չի ներկայացվել, ինչը հակասահմանադրական է, ապա դա, մեղմ ասած, խոցելի, նույնիսկ ծիծաղելի դիրքորոշում է, այն դեպքում, երբ անգամ հեղինակավոր միջազգային կառուցներն են ճանաչել Հայաստանի Սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայությունը։ Սահմանադրական դատարանն այլևս դարձել է որպես կողմ, սուբյեկտ, որը չի կարող օբյեկտիվ գտնվել, առավել ևս՝ իրեն ու իր անդամներին վերաբերող գործերի առնչությամբ։ Ստեղծված պայմաններում ավելի հակասահմանդրական կլիներ այդ խնդրով Սահմանադրական դատարան դիմելը, քան չդիմելը։
Ազգային Ժողովի՝ հունիսի 22-ին ընդունած սահմանադրական փոփոխություններով, ըստ էության, տրվել է Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման գործընթացի մեկնարկը։ Այն, սակայն, միանգամից տեղի չի ունենալու, հանդիպելու է դիմադրության ու հակադրության, ինչի օրինակներ են Հրայր Թովմասյանի այսօրվա հայտարարությունները։ Վերջինը կամ վերջիններից մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում»,- եզրափակել է նա։
Կարծիքներ