ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ողջունել է համաշխարհային միասնությունը՝ Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ
Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ի սրտե շնորհավորել է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդգծելով, որ այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ընդգծում է տարբեր համայնքների միջև միասնության, փոխըմբռնման և համագործակցության խթանման կարևորությունը:
Դեսպանը հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ փետրվարի 4-ը Մարդկային եղբայրության միջազգային օր հռչակելու մասին՝ հրավիրելով բոլոր անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ամեն տարի նշել այդ օրը:
«Մարդկային եղբայրության միջազգային օրը ոգեկոչվել է աշխարհի երկու մեծ կրոնական առաջնորդների՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Մեծ Իմամ Ալ-Ազհար Ահմեդ Ալ-Թայեբի կողմից
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում 2019 թվականի փետրվարի 4-ին Մարդկային եղբայրության մասին պատմական փաստաթղթի ստորագրմամբ»,- հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ օրը միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, կարեկցանքի ու համերաշխության ամենամյա տոն է։ Սա նաև կոչ է Մարդկային եղբայրության մասին փաստաթղթում ուրվագծված արժեքները գործի դնելու, ավելի խաղաղ աշխարհ կառուցելու համար:
«Մենք կարծում ենք, որ Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի արժեքներն առանցքային են խաղաղության հաստատման համար բոլոր մակարդակներում՝ անհատների, կազմակերպությունների, ազգերի և նույնիսկ մարդկության ու շրջակա միջավայրի միջև», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Մարդկային եղբայրության միջազգային օրը նպատակ ունի հանրային ուշադրությունը հրավիրել պատմական փաստաթղթի ստորագրման հերթական տարեդարձի վրա:
Դեսպանը նշել է, որ Մարդկային եղբայրության միջազգային օրն այն առանցքային նախաձեռնություններից է, որը վերահսկվում է Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի կողմից, որն իր հերթին մարմնավորում է մարդկային եղբայրության սկզբունքներն ու ներկայացնում դրանք՝ որպես վառ գործնական օրինակներ։ Կոմիտեն անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է՝ խթանելու մարդկային եղբայրության արժեքներն ամբողջ աշխարհի համայնքներում և իրականացնելու Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի ձգտումները:
«Մեր առաքելության միջոցով մենք նախատեսում ենք ունենալ սրտաբաց համայնքների աշխարհ, որտեղ բոլոր խավերի մարդիկ միասին ապրում են ներդաշնակորեն՝ որպես մեկ մարդկային ընտանիք: Մենք հավատում ենք, որ մարդկային եղբայրության արժեքները համամարդկային են: Նրանք ուժ ունեն և կարող են ներդաշնակություն ստեղծել աշխարհի մարդկանց միջև՝ չպահանջելով միօրինակություն։ Մենք նվիրված ենք ամբողջ աշխարհում այդ արժեքների առաջխաղացման ու պահպանման գործին: Հավատում ենք, որ այս արժեքներն են հանդիսանում խաղաղ գոյակցության ստեղծման բանալին անհատների և ազգերի միջև՝ անկախ դավանանքից, ռասայից կամ կրոնից»,- նշել է Ալ-Մուլլան։
Անդրադառնալով Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի նախաձեռնություններին՝ դեսպանն ընդգծել է, որ բացի միջազգային օրը նշելու նախաձեռնությունից, կոմիտեի կողմից մեկնարկել են հանդուրժողականության և մարդկային եղբայրության արժեքների տարածման այլ նախաձեռնություններ, որոնցից ամենահայտնին են Աբրահամյան Ընտանիքի Տան հիմնադրումն ու Զայեդ մրցանակաբաշխությունը:
«Աբրահամյան Ընտանիքի Տունը միջկրոնական համալիր է Աբու Դաբիում, որն առաջնորդվելով «սիրեք ձեր մերձավորին» պատգամով՝ նպատակ ունի համախմբել տարբեր դավանանքների մարդկանց և ընդհանուր հիմքի վրա սովորել միմյանցից: Աբրահամյան Ընտանիքի Տունը պատմության մեջ առաջին տարածքն է, որտեղ ներդաշնակորեն համադրվել են եկեղեցին, մզկիթը և սինագոգը: Ծառայելով որպես միջկրոնական երկխոսության հարթակ՝ Աբրահամյան Ընտանիքի Տունը պահպանում է յուրաքանչյուր կրոնի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի եզակի բնութագրերն իրենց առանձին պաշտամունքային վայրերով», - տեղեկացրել է Ալ-Մուլլան։
Ինչ վերաբերում է մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին, դեսպանն ասաց, որ այն մեծարում է անհատներին, կազմակերպություններին և այլոց, ովքեր զբաղված են այնպիսի աշխատանքով, որը մեծ ներդրում է ունենում մարդկային եղբայրության ամրապնդման մեջ ամբողջ աշխարհում: Դա անկախ համաշխարհային մրցանակ է, որը սահմանում է մեկ միլիոն դոլար մրցանակ և կոչված է ոգեշնչել բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են իրենց համայնքներում հանուն մարդկային եղբայրության:
«Այս նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք նպաստել ողջ մարդկության համար կայուն սոցիալական ներդաշնակությանը՝
• Խորացնել մարդու արժանապատվությունը պաշտպանող և միջազգային համերաշխությունը խթանող մշակույթների միջև մարդկային եղբայրության և համակեցության արժեքները:
Խթանել խաղաղ, արդար, հանդուրժող և սոցիալապես ներառական հասարակությունները՝ զերծ մնալով ռասիզմից, խտրականությունից և բռնությունից:
• Հզորացնել կանանց, երիտասարդությանը, խոցելի խմբերին և մարգինալացված համայնքներին, որպեսզի ոչ ոք հետ չմնա:
• Ազդել օրենսդրության, քաղաքականության և գործելակերպի վրա, որոնք նպաստում են մշակութային և կրոնական հանդուրժողականության պարտադրմանը:
• Զարգացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը, որոնք սովորեցնում են մարդկային եղբայրության արժեքները:
• Քաջալերել փորձառություններն ու այն ծրագրերի ստեղծումը, որոնք ներառում են մարդկային եղբայրության արժեքները ժամանակակից հասարակություններում:
• Աջակցել կրոնական հաստատությունների միջև համատեղ գործողություններին, ամրապնդել կրոնների դերը խաղաղության և մարդկային եղբայրության հասնելու գործում:
• Պաշտպանել Երկիր մոլորակի էկոհամակարգերը՝ կլիմայական ճգնաժամն ու էկոլոգիական դեգրադացիան համարելով որպես հրատապ բարոյական խնդիրներ, որոնք սպառնում են աշխարհի ապագային
• Խթանել գործընկերություն և սերտ համագործակցություն պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների միջև՝ աջակցելու ընդհանուր նպատակներին»,- եզրափակել է դեսպանը:
Կարծիքներ