ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Զովունի գյուղում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Զովունի գյուղում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ մարտի 11-ի ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին,  որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է  իրեն։ 

«Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի  40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։

Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։       

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում