ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 4-ը Ադրբեջանին ժամանակ է տվել տեղեկություն տրամադրելու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը։
Ամենօրյա երկխոսություն է իրականացվում երկու երկրների իշխանության հետ՝ գերիների տեսակցություն ապահովելու համար: Այդ մասին տեղեկացնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ Կարմի Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:
«Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ մարդկանց կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին:
Նա հավելել է, որ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:
Կարծիքներ