Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»:
Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլին հրաժարական է տալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով:
Կարծիքներ