Երևանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին, կայացել է ՀՀ ճանապարհներին նվիրված գիտագործնական համաժողով

Երևանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին, կայացել է ՀՀ ճանապարհներին նվիրված գիտագործնական համաժողով

Երևանում մայիսի 8-ին տեղի է ունեցել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը։ Այն կազմակերպել էր Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, համաժողովը կայացել է Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից կազմակերպված 6-րդ միջազգային ավտովազքի շրջանակում, որը մեկնարկել էր ապրիլի 25-ին Դուշանբեից՝ անցնելով Մեծ Մետաքսի ճանապարհի հարավային ուղով՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի ճանապարհներով։ Միջոցառմանն աջակցել էին նաև նշված երկրների տրանսպորտի, ոլորտային նախարարություններն ու ճանապարհային գերատեսչությունները։

«Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատվիրակներ, ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Հայաստանում գործունեություն ծավալող ճանապարհաշինական, նախագծային կազմակերպությունների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով համաժողովի պատվիրակներին, մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նա հույս հայտնեց, որ միջոցառումն իր ներդրումը կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱՊՀ երկրների ճանապարհային գերատեսչությունների փոխշահավետ համագործակցության հարցում և կդառնա փորձի փոխանակման հարթակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովը, ողջունելով ներկաներին, կարևորել է և՜ ավտովազքը, և՜ բոլոր 5 երկրներում անցկացված համաժողովները, որոնց ընթացքում քննարկվել են տվյալ երկրների ճանապարհային ոլորտի խնդիրները, անդրադարձել այս բնագավառում նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմանը։ Բուրի Կարիմովը ներկայացրել է միջազգային ավտոարշավների ժամանակ կատարված վերլուծությունների արդյունքները։ Առանձնացվել եին մի շարք խնդիրներ, որոնք, ըստ բանախոսի, ընդհանուր են ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար, դրանք են՝ տրանսպորտային հոսքերի ինտենսիվության շեշտակի բարձրացումը, ընդ որում, ինտենսիվության մեծացմանը համարժեք չեն զարգանում ճանապարհային ցանցերը, հիմնական ներդրումները կատարվում են ճանապարհների նորոգման կամ վերակառուցման վրա, մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի ավելի շատ կառուցվեն նաև նոր ճանապարհներ։ Խնդիրների շարքում առանձնացվել են նաև ճանապարհներին գերբեռնված բեռնատար մեքենաների թվի ավելացումը, ճանապարհների ոչ ժամանակին նորոգումը, անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։ Բարձրացված այս բոլոր հարցերի հնարավոր լուծումներին մանրամասն անդրադարձ է եղել համաժողովի օրակարգում։

««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ նման համաժողովները գործարար կապերի հաստատման, ամրապնդման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտի խնդիրների քննարկման մասնագիտական լավագույն ձևաչափն են։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրեց ՀՀ ճանապարհային ցանցը, Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։

Զեկույցներում բանախոսներն արծարծեցին բազմաթիվ թեմաներ՝ նախագծումից, կառուցումից, մինչև ճանապարհների սպասարկում և պահպանում։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ճանապարհների ուսումնասիրության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներին, բարձրլեռնային հատվածներում ճանապարհների նախագծման և կառուցման առանձնահատկություններին, ճանապարհաշինության մեջ կիրառվող ինովացիոն տեխնոլոգիաներին վերաբերող և այլ հարցեր»,-հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում