Առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել ԼՂ-ում մարտերի ընթացքում․ The Washington Post

Առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել ԼՂ-ում մարտերի ընթացքում․ The Washington Post

Առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի ընթացքում, գրում է The Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին նրանց դիերը փոխանցվել են հարազատներին։ Վերջինները հայտնել են, որ «սպանվածները վարձկաններ են եղել, որոնք ներգրավվել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից, որպեսզի մասնակցեն ընդդեմ Հայաստանի մարտական գործողություններին»։ Հարազատների խոսքով՝ զինյալներին խոստացել են ամենամսյա աշխատավարձ, իսկ Ադրբեջան են մտել Թուրքիայի հարավային մասից։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal-ն էր հայտնել, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է Թուրքիայի Ղազիանթեպ բնակավայրից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է այս տեղեկությունն ու Փարիզից պահանջել ներողություն խնդրել։ ՌԴ ՊՆ-ն ևս իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից խմբավորումների տեղափոխման կապակցությամբ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում