Ինդոնեզացին 20 տարվա ընթացքում 32 դիպլոմ է ստացել (լուսանկար)
Ինդոնեզիայի բնակիչ Վելին Կուսուման շատ անսովոր հոբբի ունի, որին հավատարիմ է արդեն 20 տարի. նա շատ է սիրում սովորել և պարբերաբար դիպլոմներ է ստանում: Այս մասին պատմել է CNBC Indonesia հեռուստաալիքը:
Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Վելինը դեռ 18 տարեկան էր: Այն ժամանակ նա արդյունաբերական շինարարության մասնագիտացում է ստացել Սուրաբայայի համալսարանում: Դրանից հետո նա չի դադարել սովորել:
«Համալսարանն ինձ համար հոբբի է, ես իրոք սիրում եմ սովորել: Ես համոզված եմ, որ համալսարան ընդունվելով գիտելիք կստանամ, որն ինձ անհրաժեշտ կլինի գործնական կյանքում»,-ասել է Կուսուման:
Այսօր ինդոնեզացին ունի բակալավրի 11, մագիստրոսի 3 աստիճան, ինչպես նաև 18 մասնագիտական հավաստագիր:
Այդպիսի քանակությամբ դիպլոմներ ստանալու համար Վելինը միաժամանակ սովորել է տարբեր համալսարաններում:
Հարցազրույցում Կուսուման նշել է, որ սիրում է սովորել դեռևս դպրոցից և հաճախել է տարբեր դասընթացների, որոնք հանրակրթական ուսումնական ծրագրում մատչելի չեն եղել. սովորել է համակարգչային ծրագրեր, հաշվապահություն և անգլերեն:
Վելինը չի ծրագրում բավարարվել ձեռք բերածով. նա մտադիր է հարստացնել իր դիպլոմների զինանոցը` սովորելով ամբողջ կյանքի ընթացքում:
Կարծիքներ