Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են պետք. Լուազո
Եվրախորհրդարանում այս պահին ընթանում է «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկում: Այն ԵԽ-ում կազմակերպված հատուկ լսումների համար է, ելույթ են ունենում ԵԽ պատգամավորները:
ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն իր խսքի ժամանակ դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Լեռնային Ղարաբաղում հայերը շրջափակված էին, սովի մատնված, իսկ այնուհետ՝ ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հարձակման ու բռնի տեղահանության::
«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են պետք: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվել է, քանի որ այդպես էլ մնացել է չեզոք դիրքում: Երբ անարդարության ժամանակ չեզոքություն ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել»,- նշել է Լուազոն:
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Եվրախորհրդարանում բազմիցս ներկայացվել է Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել դրանք կանխելու համար:
Եվրապատգամավորը նաև զգուշացրել է, որ այժմ էլ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգ և ԵԽ-ի պարտքն է պաշտպանել Հայաստանը:
Կարծիքներ