Պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ժամկետներն անցելու հիմնավորմամբ չներկայացնելուն։
«Իմ կողմից բոլոր գործողություններն արված են, ես բոլոր պատասխաններն ունեմ, ես պատասխան ունեմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ԱԺ իրավաբանական վարչությունից, ունեմ իմ իրավաբանական կրթությունը, ունեմ ԱԺ քարտուղարության մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են, որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դրա ժամկետները կոնկրետ ֆիքսված են:
Հարցին, թե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դա չգիտե՞ր՝ Սիմոնյանը պատասխանել է. «Գիտի, բայց մեկնաբանության խնդիր է, ինքն այլ կերպ է փորձում մեկնաբանել։ Պարոն Քոչարյանը կարող է այլ կերպ մեկնաբանել, իր ցանկությունով, իր պատկերացումով, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջանորդվում»։
Սիմոնյանը նաև նշել է, որ չնայած նիստերի օրակարգում չներառվելուն, այն ամեն դեպքում ներկայացվելու է։ Նրա հավաստիացմամբ՝ անելու են առավելագույնը զեկույցը հանրային դարձնելու համար։
Կարծիքներ