Արտահանման ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվելու է շուկայի դիվերսիֆիկացմանը․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 31-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
«Արտահանման ռազմավարության մշակումը շատ առանցքային նշանակություն ունի մեզ համար, ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվելու է շուկայի դիվերսիֆիկացմանը: Նվազեցնելով մեր կախվածությունը և ուսումնասիրելով նոր շուկաները՝ մենք կարող ենք մեղմել ռիսկերը և ապահովել ավելի կայուն տնտեսական ապագա», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարությունը նպատակ ունի գտնել և օգտագործել եզակի լոգիստիկ հնարավորություններ՝ օգնելով արտահանողներին արդյունավետորեն հաղթահարել հնարավոր խոչընդոտները:
Արտահանման ռազմավարության կարևոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է արդյունաբերական գոտիների ստեղծումը, որոնք կծառայեն որպես նորարարության և արտադրության կենտրոններ՝ առաջ մղելով արտահանման հնարավորությունները:
Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի արտահանման ռազմավարության տեսլականը և ռազմավարական ուղղությունները, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները, ծառայությունները, արտահանման շուկաները և այլ ոլորտային թեմաներ։
Կարծիքներ