2022-ին քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ. Գրիգոր Մինասյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց «Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
Մինասյանը նշեց, որ 2022 թվականին շարունակվել են դատական համակարգի բարեփոխումները:
«Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին՝ քաղաքացիական և վարչական պալատները, ստեղծվել է նաև նոր հակակոռուպցիոն պալատը՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան քննության ողջ շղթան»,- ասաց Մինասյանը:
Նա ավելացրեց, որ բարձրացվել է Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը:
«Մշակվել է դատավորների ներգրավման ամբողջությամբ նոր, ճկուն ընթացակարգ: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ, մասնավորապես, ընդլայնվել է գործերի քննության պարզեցված և գրավոր ընթացակարգերի կիրառությունը»,- ասաց նախարարը:
Կարծիքներ