Քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
«Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբերին, իսկ «Ասկե գրուպ»-ը 2024 թ․ մայիսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«Ձուլակենտրոն» ԲԲԸ-ն ոլորտի առաջատար ընկերություններից է, որն զբաղվում է պողպատյա աղացող գնդերի, թուջե, պողպատյա ձուլվածքների և դետալների արտադրությամբ։ «Ասկե գրուպ» ԲԲԸ մետաղաձուլական խոշոր ընկերությունը, ներդրված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, իրականացնում է պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրություն։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան մոտ 250․000 տոննա նախապատրաստվածք և 150․000 տոննա ամրան։
Ընկերությունների ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանների տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։ Քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Կարծիքներ