Խաչատուրյանն առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ կընտրվի․ Նիկոլ Փաշինյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է հանրապետության նախագահի թեկնածու, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի հանրապետության նախագահի պաշտոնում։ Եվ ես նախ ուզում եմ ընդգծել այս փաստը, այս պահին չեմ, երևի պատեհ չէ առաջադրվելու առիթով շնորհավորել, պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել։ Եվ ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ Սահմանադրության բերումով հանարապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային ու պետական շահերով։ «Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով։ Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն։ Եվ շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ։ Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև կա մշտական բանավեճ, հարցերի քննարկում։ Ավելին ասեմ, կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ։ Այստեղ խնդիրն այն է, որ իսկապես մենք ընդհանուր ուղենիշ ու ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում իշխանության ներսում հակադիր շարժումները աշխատանքի մեխանիզմ է խաթարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու։ Քաղաքական կուսակցության ներսում հաստատ ավելի արժանի մարդիկ կան, բայց կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջանորդվում է այսօրվա իշխանությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որի մասին մենք խոսում ենք կառավարությունում»,- նշեց նա։
Կարծիքներ