Բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ

Բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը:

Այս մասին տեղեկացնում է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ փորձ է արվել խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

«ԱՅ ԷՖ Ի ԷՍ»- ի թիմը  մայիսի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակական կյանքում:

«Փոխնախարարին ներկայացվեց ոչ միայն տեղամասերի մատչելիության հետազոտությունը, այլև ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի թիմը նաև հաստատեց, որ ԿԸՀ-ի աջակցությամբ հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում հասանելի կլինեն քվեաթերթիկի շոշափելի (բրայլյան) կաղապարներ և Բրայլի տառատեսակով գրված բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը»,-նշված է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում